ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ-Գրուպ» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը մշտապես բնակվել է Հայաստանում և հաշվառված է որպես ՀՀ քաղաքացի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը`պատասխանելով այն հարցին, արդյոք արտերկրի բիզնեսների կարգավորման համար երկրից ժամանակ առ ժամանակ գործուղումների մեկնելը Խաչատուր Սուքիասյանի գալիք ընտրություններին որպես պատգամավոր առաջադրվելիս օրենքի տարրին չի՞ հակասում: Հիշեցնենք, որ որպես պատգամավոր կարող են առաջադրվել վերջին 5 տարիների ընթացքում մշտապես Հայաստանում բնակվող 25 տարեկանը լրացած քաղաքացիները:
Ըստ Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակի` Խաչատուր Սուքիասյանը մշտապես եղել է Հայաստանի Հանրապետությունում և հաշվառված է եղել որպես ՀՀ քաղաքացի և իրավական տեսակետից նրա առաջադրման բոլոր նորմերը պահպանված են: «Գործուղումների, իհարկե, մեկնել է, քանի որ հանդիսանում է արտերկրում մի քանի բիզնեսների բաժնետեր, բայց նա գրանցված է և ապրում է Երևանում»,- մեկնաբանեց Ա. Մկրտչյանը:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ-Գրուպ» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը գալիք ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու:








































