РИА Новости-ին տված հարցազրույցում Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլին հայտարարել է, որ կիպրացի հույները կարծում են, թե Թուրքիան ներկայումս շահագրգռված չէ կիպրական խնդրի կարգավորմամբ, և պնդում են, որ Անկարան աջակցի խաղաղության բանակցություններին.
«Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի մի մասը և խախտել է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների շատ բանաձևեր: Անկասկած է, որ դրանով իսկ նա իր ձեռքում է պահում կիպրական խնդրի լուծման բանալին: Բանակցությունները դժվար են ընթանում:
Իրականացվել են ավելի քան 130 հանդիպումներ՝ ուղիղ բանակցությունների շրջանակներում և համայնքների ղեկավարների 5 հանդիպումներ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Սակայն արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն, առաջընթացը նախկինի պես սահմանափակ է:
Հույն կիպրացիները նախկինի նման հակված են կիպրական խնդրի խաղաղ կարգավորմանը և հուսով են, որ միջազգային հանրությունը կաջակցի դրան և բոլոր անհրաժեշտ ազդանշանները կհասցեագրի Թուրքիային»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը երեկ հայտարարել է, որ եթե կիպրական հարցի շուրջ տարվող բանակցություններն արդյունք չտան, ապա Թուրքիան չի բացառում Հյուսիսային Կիպրոսն անեքսիայի ենթարկելը:
Ավելի վաղ թուրքական կողմն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի մակարդակով ԵՄ-ին սպառնացել էր մինչև 2012 թվականի հուլիսին Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը կիպրական հարցի չկարգավորման դեպքում սառեցնել ԵՄ հետ բանակցությունները։
Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:











































