Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Այնտեղ նա բավական ներկայացուցչական հանդիպումներ է ունենալու թե Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի մարտյան այս այցը ուղղակիորեն կապվելու է Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրության հետ և եթե փոքր ինչ կոպիտ ձևակերպում տանք այդ այցին, ապա Սերժ Սարգսյանը Բրյուսել է մեկնել ևս մեկ անգամ այնտեղ պարզաբանելու այն, ինչ ինքը խոստացել է որպես արդար և ազատ ընտրություն Հայաստանում, և այն, ինչ նրանից այդ առումով ակնկալում է Եվրամիությունը:
Հատկանշական և ուշադրության արժանի է նաև այն, որ օրեր առաջ Եվրամիության արտգործնախարարների հավաքի ընթացքում այդ կառույցը փաստաթուղթ ընդունեց Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ Հայաստանի մասով ընդգծվում էր խորհրդարանի ընտրության միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, իսկ Ղարաբաղի մասով էլ Եվրամիությունն այսպես ասած մուտք էր ուզում հակամարտության գոտի, այսինքն Ղարաբաղի հետ անմիջականորեն աշխատելու հնարավորություն: Եվ այս տեսանկյունից, ակնհայտ է այն ուղղակի կապը, որ կա Հայաստանի խորհրդարանի ընտրության որակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ղարաբաղի համար նպաստավոր և շահեկան զարգացումների միջև:
Բանն այն է, որ Ղարաբաղի հետ Եվրամիության ուղիղ աշխատանքի հեռանկարը բխում է հայկական կողմերի շահից, և եթե Հայաստանը նաև կարողանա ապահովել Եվրամիության որակական ակնկալիքները Հայաստանի խորհրդարանի ընտրության հետ կապված, ապա պարզ է, որ Ղարաբաղի հարցում ԵՄ քաղաքականության հայանպաստ վեկտորը կարող է առավել արդյունավետ և դինամիկ շարունակություն ունենալ: Իսկ հակառակի դեպքում, բնական է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության խնդիրներն ուղղակիորեն անդրադառնալու են Ղարաբաղի հարցում հայկական կողմի համար հնարավոր բարենպաստ հեռանկարների վրա: Ըստ ամենայնի, Բրյուսելում կարվեն հրապարակային հայտարարություններ Հայաստանի ընտրության վերաբերյալ:
Սակայն շատ ավելի էական է լինելու այսպես ասած իրական քաղաքականության (Real politik) ռեժիմը, որը ենթադրում է նաև կուլիսային պայմանավորվածություններ, որոնք իհարկե թաքուն կամ դավադիր պայմանավորվածություններ չեն, պարզապես չեն հրապարակայնացվում ավելորդ խոչընդոտների չհանդիպելու համար: Ահա այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը ըստ էության մեծապես պայմանավորելու է Հայաստանի և Ղարաբաղի շուրջ առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացումների վեկտորը՝ «Հայաստանի ներքին խնդիրներով դեպի Ղարաբաղ» բանաձևի շրջանակում: Իհարկե, այդ իմաստով սակայն, թերևս պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության համար ցանկալի կլինի բրյուսելյան այցը առավելապես տեղավորել այդ կուլիսային քաղաքականության շրջանակում և հնարավորինս խուսափել հրապարակայնացումներից, քանի որ դրանք հետագայում շատ ավելիեն բարդացնում մանևրի հնարավորությունը:
Սակայն, Եվրամիության համար թերևս պետք է խնդիրը լինի հենց հնարավորինս հրապարակային մոտեցումների ձևակերպումը, որպեսզի Սերժ Սարգսյանը Բրյուսելում անցկացրած երկու օրերի ընթացքում, առաջիկա ներհայաստանյան զարգացումների որակական առաջընթացի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնի ոչ միայն Բրյուսելի, այլ նաև Հայաստանի քաղաքացիների, և առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների առաջ: Խորհրդարանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այսպես ասած վերջին այցի ընթացքում դա ապահովելը, կարող է լինել Հայաստանի արդիականացմանն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկը, որ կանի մեր երկրի արդիականացման անփոխարինելի գործընկեր Եվրամիությունը:











































