Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 3-ին այցելել է Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
Հանդիպման ժամանակ Աթեշյանը նշել է, որ իրենք Թուրքիայի մի մասնիկն են: Ընդգծելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում դրական զարգացումներ են գրանցվել Թուրքիայում՝ Աթեշյանը Դավութօղլուին հիշեցրել է փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի (Իվանյան) դեպքերին նվիրված խիստ հակահայկական ցույցը:
Աթեշյանը հայտարարել է, որ դա հիասթափեցրել է Թուրքիայի հայ համայնքին, որն անթույլատրելի է համարում նմանատիպ ձևով ողջ ազգին վիրավորելը:
Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ թուրքական պետությունը «հավասարաչափ» է վերաբերում իր բոլոր քաղաքացիներին: Նա հիշեցրել է, որ ժամանակին հայերը մեծ պաշտոններ են վարել Օսմանյան կայսրությունում՝ ընդգծելով, որ իրենք դեսպանի պաշտոն են առաջարկել պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի աշնանը Foreign Policy պարբերականը Տարոն Աջեմօղլուին (ինչպես նաև Դավութօղլուին) ընդգրկել էր աշխարհի 100 մտածողների թվում՝ նրան հատկացնելով 88-րդ հորիզոնականը։









































