Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ Վրաստան այցելած Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխօգնական Սելեստա Վոլանդերը վրացական իշխանությունների կոչ է արել ապաքաղաքականացնել բանակը, սակայն իշխանամետ լրատվամիջոցները լռում են այդ մասին:
Թերթի տվյալներով՝ պաշտպանության ազգային ակադեմիայում ոնեցած իր ելույթում Վոլանդերը խոսել է ժողովրդավարական հասարակությունում բանակի դերակատարության մասին՝ ընդգծելով, որ այն պետք է պահպանի քաղաքական չեզոքություն և չաջակցի այս կամ այն քաղաքական խմբին:
Թերթը գրում է, որ թեև իշխանամետ լրատվամիջոցները չեն հրապարակել Վոլանդերի ելույթի ամբողջական տեքստը, այնուամենայնիվ դա արել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Հիշեցնենք, որ Սելեստա Վոլանդերը Վրաստան է ժամանել փետրվարի 22-ին: Վոլանդերի վրացական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունվարի 30-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ:








































