«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնությունն ու «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն են տարածել, որում մասնավորապս ասվում է, որ Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին, ինչի վկայությունն է Մաշտոցի պուրակի շինարարության դեմ հանրային մեծ բողոքը:
Ստորև ներկայացնենք հայտարարությունը.
«Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:
Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը: Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:
Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնուրույն տեր կանգնում հանրային սեփականությանը և թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը:
Հանրային պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ և հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը և կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը»:











































