ՌԴ նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը կնոջ` Լյուդմիլայի հետ միասին քվեարկել է 2079 ընտրատեղամասում: Նախագահի թեկնածուների շարքում նա վերջինն է մասնակցել ընտրություններին:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Պուտինը ողջունել է ընտրական տեղամասի աշխատակցուհուն և ստացել է թերթիկը : Քվեատուփին մոտենալիս նախագահի թեկնածուն ձեռքից գցել է քվեաթերթիկը:
Այս տեղամասում Պուտինը բազմիցս է քվեարկել: Լրագրողներից մեկը նրան հարցրել է ընտրակեղծքների մասին: Նա պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ: Ես քնել եմ, սպորտով զբաղվել, հետո եկել եմ այստեղ: Որևէ շտաբի հետ չեմ կապվել»:
Այն բանից հետո, երբ Պուտինը հեռացել է ընտրատեղամասից, վազելով ներս են մտել FEMEN շարժման երեք կիսամերկ աղջիկներ և սկսել են մեղադրանքներ հնչեցնել վարչապետի հասցեին: Ոստիկանները ծածկել են աղջիկներին և տարել բաժանմունք:
Վարչապետի մամլո ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ աղջիկները «հիմար երիտասարդներ են, ովքեր կարծում են, թե իրենց այս քայլը ռոմանտիզմի դրսևորում է»: