Ընդլայնվում է կինեմատոգրաֆի և շոու բիզնեսի այն աստղերի շրջանակը, որոնք Բրիտանիային կոչ են անում հրաժարվել Հարավային Ատլանտիկայում տարածքների տիրապետության իրավունքից: Այս անգամ Լատինական Ամերիկայում ելույթների ժամանակ նման «ոչ հայրենասիրական» հայտարարությամբ է հանդես եկել բրիտանական լեգենդար «Փինք Ֆլոյդ» խմբի նախկին առաջնորդ Ռոջեր Ուոթերսը:
Սանտյագոյում` չիլիական TVN տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ֆոլկլենդյան կամ ինչպես դրանք անվանում են Հարավային Ամերիկայում՝ Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային:
«Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային: Նման իմպերիալիզմով ես չեմ կարող հպարտանալ»,- հայտարարել է Ուոթերսը` ընդգծելով, որ ամաչում է Բրիտանիայի գաղութատիրական անցյալի համար:
Մինչ հարցազրույցը նա մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր «Փինք Ֆլոյդի» 1979թ. լույս տեսած «Պատը» ալբոմին (հեղինակը Ուոթերսն է), հայտարարել էր, որ Լոնդոնի ու Բուենոս Այրեսի միջև հարցը հեշտ չի լուծվի: «Կողմերի պնդումները շատ հնացած են ու խճճված ու սկիզբ են առել դեռ 17-րդ դարից: Այդ պատճառով իրավիճակը չի կարելի համարել հեշտերից մեկը: Ըստ իս` կոնֆլիկտն իր ժամանակին փրկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի կարիերան` ի հաշիվ 1982թ. մեծ թվով մարդկանց կյանքերի: Այդ պատճառով դա մինչ օրս իմ մոտ զզվանքի զգացում է հարուցում»- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա հասկացրել է, որ ամենևին համամիտ չէ արգենտինացի գեներալ Լեոպոլդ Գալտիերիի գործողությունների հետ, որը կղզիներում սանձազերծեց զինված կոնֆլիկտ: Ուոթերսի հայտարարության շնորհիվ Լատինական Ամերիկայում կմեծանա նրա երկրպագուների թիվը:
Իր հայտարարությամբ երաժիշտը համալրեց հոլիվուդյան հայտնի անձանց շարքը` ի դեմս ռեժիսոր Շոն Փենի, ովքեր հաստատում են, որ Ֆոլկլենդյան արշիպելագը պատկանում է լատինաամերիկյան պետությանը:







































