Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայում անցկացված Ռուսաստանի նախագահական վաղաժամ ընտրություններին մասնակցել է մոտ 40,000 ռուսաստանցի: Այս մասին հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևը:
Վերջինիս խոսքերով՝ վաղաժամ քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 25-29-ին: Այն անցկացվել է Աբխազիայի հեռավոր շրջաններում ընկած գյուղերի ու ավանների բնակիչների համար, որոնք անմիջականորեն ընտրությունների օրն այս կամ այն պատճառով չեն կարողանում մասնակցել քվեարկությանը:
Գրիգորևը հավելել է, որ մարտի 4-ին Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել 9 ընտրատարածքում՝ ժամը 08.00-20.00-ն: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած Պետդումայի ընտրություններին Աբխազիայում քվեարկել է մինչև 70,000 մարդ:
Հիշեցնենք, որ վաղը Սուխումի պետական տրանսպորտն աշխատելու է անվճար:








































