«Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մասին հոլիվուդյան ֆիլմի նկարահանման փաստը Հնդկաստանում բողոքի ալիք է բարձրացրել: Այս երկրում է նկարահանվում ֆիլմի հիմնական մասը:
Պակիստանի իշխանություններն արգելել էին ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուին նկարահանումներ կատարել Բեն Լադենի սպանության վայրում, այդ պատճառով որոշում էր կայացվել աշխատանքն իրականացնել Հնդկաստանում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Չանդիգար քաղաքում կառուցվել են ֆիլմի համար նախատեսված դեկորացիաները, որոնք շատ նման են Պակիստանի այն վայրին, որտեղ սպանվել է թիվ մեկ ահաբեկիչը:
Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցները նույնիսկ վիճաբանել են նկարահանող խմբի անդամների հետ. անհրաժեշտ է եղել ոստիկանության միջամտությունը: Բողոքի դուրս եկած մարդկանց խոսքով՝ պահանջելու են, որպեսզի դադարեցվի ֆիլմի նկարահանումը: