«Ժառանգության» լրատվական ծառայությունը տարածել է կուսակցության՝ մարտի 2-ին տեղի ունեցած 7-րդ համագումարի մասին մամլո հաղորդագրություն, որում ասվում է.
«2 մարտի 2012թ., Երևան: Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարը, որն ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրային հաշվետվությամբ ամփոփեց իր հնգամյա խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու քաղաքացիական գործունեությունը, ընդունեց «Նոր Հայաստանի բանաձև» վերտառությամբ հռչակագիր:
Նախքան համագումարի բացումը` ժամը 12:00-ին, նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակին: Ներկա էին օտարերկրյա դիվանագիտական անձնակազմերի պաշտոնատար անձինք, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հրավիրված այլ հյուրեր: 1992թ. այս պատմական օրը ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայոց եռագույնը բարձրացրեց ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջև, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ պետությունների համաշխարհային ընտանիքի լիիրավ ու հպարտ անդամ: 20 տարի անց, օվկիանոսից այսկողմ, ՀՀ օրհներգի հնչեցումից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ուղղեց իր հայրենակիցներին հայոց եռագույնի անանց խորհրդանշականության մասին: Ապա ելույթ ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնը:
Այնուհետև նիստերի լեփլեցուն դահլիճի կամարների ներքո հանդիսավոր պայմաններում բացվեց «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարը: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, «Միավորված հայեր» կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Աղասի Արշակյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Ժառանգականներից» առաջինն ամբիոն հրավիրվեց Զարուհի Փոստանջյանին, ով հենց համագումարից մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն` որպես դիտորդ հետևելու նախագահական ընտրությունների ընթացքին:
Այնուհետև հայ իրականության մեջ «Ժառանգության» տեղի ու դերի, կուսակցության հետագա անելիքների շուրջ հայեցակարգային ելույթով հանդես եկավ կուսակցության առաջնորդ, վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նկարագրելով Հայաստանում և տարածաշրջանում առկա զարգացումները, նա նշեց, որ ստեղծված իրավիճակը իշխանափոխությունը հրամայական է դարձնում: «Նոր Հայաստանն անպայման գալու է, և այն պատկանում է բոլորիս: Գալու է նոր Սահմանադրությամբ, սահմանադիր ժողովով, նոր համակարգով: Մենք ներկա համակարգը չենք ընդունում, և նորը բերելու համար պարտավոր ենք քաղաքական ու քաղաքացիական պայքար տանել քաղաքներից մինչև ամենախուլ գյուղեր»,- ընդգծեց Հովհաննիսյանը` միաժամանակ ողջունելով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությունը և հույս հայտնելով, որ այն կունենա երկարատև, հեռանկարային շարունակություն: Նա արժանվույնս գնահատեց և ըստ էության կարևորեց նաև համագործակցությունը ՀՅԴ-ի հետ թե՛ խորհրդարանում և թե «այդ ավելորդ ու անպիտան դարպասներից դուրս», ողջունեց այն ընդհանուր եզրերը, որոնք կարելի է գտնել արտախորհրդարանական ՀԱԿ-ի, մյուսների, ինչպեսև խորհրդարանական այլ ուժերի հետ:
Անցած ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքների վերաբերյալ համագումարին հաշվետվություն ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հնգամյա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Համագումարում ելույթ ունեցան նաև «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, կուսակցության Կենտրոնի ստորաբաժանման ղեկավար Սուսաննա Մուրադյանը, վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը, Հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը, երիտասարդական թևից` Գևորգ Կարապետյանը:
Համագումարը միաձայն ընդունեց հռչակագիր, որում արձանագրված է գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` նոր Հայաստանի, նոր սերնդափոխիչ իրագործումների և քաղաքացիական ազգային իշխանության ձևավորման հրամայականը»:










































