Հունվարի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, Չարենցավանում ինքնասպան է եղել 18-ամյա Ռաֆիկ Թորոսյանը: Ինքնասպանությունը կատարվել է քաղաքի բնակարաններից մեկի նախամուտքի գազատար մետաղե խողովակից կախվելու միջոցով: Երիտասարդի ծանոթների կարծիքով, Ռաֆիկի ինքնասպանության պատճառը մերժված սերն է: Կոտայքի վարչությունը գործի առթիվ հարուցել է քրեական գործ: «Վիճակագրության համաձայն, ինքնասպանությունների մեծ մասը կատարում են մինչև 25 տարեկան երիտասարդները, հիմնականում ինքնահաստատման կամ սիրո հարցում խնդիրներ ունենալու պատճառով»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ հոգեբանի՝ ուշ պատանեկան տարիքում, երբ երիտասարդները ձևավորում են արժեքներ և կյանքի հեռահար նպատակներ, նրանք ավելի զգայուն են դառնում շրջակա միջավայրի ազդակների նկատմամբ: «Ինքնասպանություն կատարողները միշտ ազդանշաններ են տալիս իրենց մտադրության մասին. հաճախ են խոսում կյանքի անիմաստ լինելուց և այլն: Ողբերգությունը կանխելու համար ուղղակի անհրաժեշտ է լսել նրանց, խոսել հետները և ոչ մի դեպքում չվարկաբեկել ինքնասպանության գաղափարը. դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ»,- զգուշացնում է հոգեբանը:







































