Տիկին Անահիտի հետ առաջին անգամ հանդիպեցի 2010 թվականի օգոստոսի 25-ին, հարցազրույցն ավելի շատ զրույցի վերածվեց, հանդիպեցի ու միանգամից տպավորվեց նրա վառ անհատականությունը, մարդասիրությունը, անսահման բարությունն ու նվիրումը ժողովրդին, երկիրը փոփոխված տեսնելու ամենամեծ ցանկությունը: Ես այն երջանիկներից եմ, ով հասցրեց անգամ 2011-ին զրուցել նրա հետ. հունվարի 2-ին նա Ամանորս շնորհավորեց: Անակնկալից քար էի կտրել, այնքան անկեղծ բարեմաղթանքներ էին, որ…
Այսօրվա իրականության հետ չհաշտվող կին էր, նա ոչ միայն հրաշալի թարգմանիչ էր (Հրանտ Մաթևոսյանի` «Մի ի նաշի գորի» (Մենք ենք, մեր սարերը) ժողովածուն` Անահիտ Բայանդուրի թարգմանությամբ ռուսերենով Մոսկվայում լույս է տեսել 1967-ին։ Այդպես է սկիզբ առել գրողի և թարգմանչուհու արգասավոր համագործակցությունը` նշանանավորվելով մինչև 1990-ականների սկիզբը: Անահիտ Բայանդուրը թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի պատմվածքները, նամականին և հեքիաթները, Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները», Ստեփան Զորյանի պատմվածքները և այլն), այլ նաև հրաշալի կին, ընկեր, մայր։
Անահիտ Բայանդուրը 1988-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր: 1990-ին ընտրվել է Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր և եղել ՌԴ Դումայում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը:
1992-ին Անահիտը ստեղծել է Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն»: 1992-ին նրան շնորհվում է աշխարհում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը` Օլոֆ Պալմեյի անվան միջազգային ֆոնդի «Համագործակցություն հանուն խաղաղության» մրցանակը:
Անահիտ Բայանդուրին հատկապես ցավ էին պատճառում երկրի բարոյալքումը, հայ-թուրքական հարաբերությունների անորոշությունը, գնալով թուլացող Հայաստանը, իշխանավորների` իրենց պաշտոններում ոչ կոմպետենտ լինելը: Մեզ տված հարցազրույցում նա ցավով էր նկատում, որ մեր օրերում հոգսերը շատ են, մարդիկ ընդհանրապես շատ դժվար են ապրում` ե՛ւ նյութապես, ե՛ւ հոգեպես, ե՛ւ բարոյապես: «Ես զարմանում եմ, որ դեռ այսքան էլ կանք այս պայմաններում, որովհետև բոլոր օբյեկտիվ պայմանները տանում են ավելի վատթարացման. Հայաստանում ամեն քայլափոխի խախտվում են մարդու իրավունքները` բանակում, փողոցում, ամենուր… Բայց մենք այդ առումով նվաճում չունենք, ավելին` մենք հետ ենք գնացել: Մենք 90-ականներից էլ ենք հետ», – ասում էր Անահիտ Բայանդուրը:
Ըստ նրա` հայ ժողովրդի կյանքում ամենածանր բեկումը հոկտեմբերի 27-ին էր. հարվածը սկսվեց հոկտեմբերի 27-ով, որը մինչև հիմա շարունակվում է: Ըստ նրա` մենք չունենք անկախություն: Նրան հատկապես անհանգստացնում էին ռուսական ռազմաբազաների երկարաժամկետ պայմանագրերը. «Իհարկե, մինչ այդ եղել են Ռուսաստանի հետ նման պայմանագրեր, բայց միշտ ժամկետները կարճ են եղել, այսինքն` մենք միշտ ունեցել ենք ինչ-որ մի բան փոխելու, ինչ-որ մի բան ավելացնելու, վերանայելու հնարավորություն, իսկ հիմա զրկվում ենք դրանից: Մենք երկար ժամանակով կնքեցինք մեր ճակատագիրը: Սա հենց մեր անկախության պակասի խոստովանություն է»:
Նա վստահ էր, որ երկրում ստեղծված իրավիճակից փրկություն կլինի այն դեպքում, երբ երիտասարդների առաջ դռները բացվեն, և նոր թարմ շունչ գա քաղաքականություն. «Այդ իմաստով մենք հիմա թույլ երկիր ենք, դրա համար հայ- թուրքական հարաբերություններն ինձ անհանգստացնում են, որովհետև իրենք ուժեղ են, մերոնք` անհետաքրքիր են, իրենք էլ են տեսնում` ինչ դեմք ունի մեր խորհրդարանը, իշխանությունը: Հենց դրա համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանության փոփոխություն»: Նրա խոսքերով, թե՛ մարտի 1-ը, թե՛ հոկտեմբերի 27-ը մեր ամոթն էին, որոնք մեզ շատ թուլացրին, և դրանից հետո Արևմուտքի հետաքրքրությունը մեր նկատմամբ պակասեց. տխրելու, մտահոգվելու առիթ շատ կա:
Այսօր նրա աճյունը կհանձնեն հողին, և հենց այդ ժամանակ, գուցե հենց այսօր յուրաքանչյուրս ավելի կգիտակցենք կորստի չափը, իսկական քաղաքացու, ՄԱՐԴՈւ, ազատատենչի ու ուժեղ մարդու շնչի պակասը: Հենց այդ շունչը Անահիտ Բայանդուրն էր…
«ժամանակ» օրաթերթ











































