Հայաստանի էթնիկ խճանկարը վերջին ժամանակներս ավելի ու ավելի բազմազան է դառնում և թարմանում, և սրան զուգահեռ առաջ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնցից մեկն էլ անհանդուրժողականությունն է: Հենց վերջինիս էլ վերջին մի քանի տարիներին զոհ են դառնում հիմնականում 3 ազգության երիտասարդ ներկայացուցիչները` սիրիացիները, պարսիկներն ու հատկապես հնդիկները: Նրանցից ոչ մեկը Հայաստանում դեռևս որպես ազգային փոքրամասնություն չի ճանաչվել, սակայն այս ազգերի ներկայացուցիչների բավականին մեծ զանգված այսօր ապրում է մեր երկրում` սովորելով մեր բուհերում, խոսելով մեր լեզվով և ուսումնասիրելով մեր ազգային ավանդույթները: Իսկ Հայաստանում ապրող այլազգի ուսանողների ամենամեծ խնդիրը, իրենց իսկ կարծիքով, հասարակության կողմից իրենց նկատմամբ վատ վերաբերմունքն է, որը կոնֆլիկտային իրավիճակների չի հասնում միայն այն պատճառով, որ այլազգիներն են փորձում հանդուրժել, չլսելու տալ: Այս խնդիրները համեմատաբար ավելի թույլ են արտահայտված սիրիացիների դեպքում, ինչը չի կարելի ասել հնդիկների և պարսիկների մասին:
«Այս վերաբերմունքը դրսևորվում է ոչ միայն աղջիկների հանդեպ: Հայ երիտասարդները չեն ընդունում նրանց ո՛չ հագնվելու ձևը, ո՛չ սանրվածքը, ո՛չ էլ պահելաձևը: Սրանք շատ նեգատիվ ազդեցություն են գործում մեր երիտասարդների վրա: Ինչքան էլ պնդենք, որ հայ ազգը հյուրընկալ է, պիտի խոստովանենք, որ ոչ տոլերանտ ժողովուրդ ենք: Տեսքով, մաշկի գույնով մեզանից մի փոքր տարբեր մարդուն կարող ենք ուղղակի բացասական վերաբերմունքի արժանացնել, և դա այն դեպքում, երբ այդ մարդիկ տիրապետում են հայերենին ու հրաշալի հասկանում եմ իրենց հասցեին փողոցում կանգնած երիտասարդների կողմից նետված անշնորհք ռեպլիկը: Իհարկե, չեն արձագանքում (հակառակ դեպքում ամեն օր կարող էին ծեծկռտուք ու տհաճ պատմություններ լինել), բայց հասկանում են, որ իրենց նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք կա»,- ասում է «Միջմշակութային ուսումնասիրությունների ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թաթուլ Դավթյանը:
Իսկ հանդուրժողականության բացակայությունը մեր հասարակությունում, ՀԿ նախագահի կարծիքով, մի փոքր անհասկանալի է, քանի որ երևի աշխարհի այն քիչ ազգերից մեկն ենք, որի ներկայացուցիչների թերևս մեծ մասը ազգային փոքրամասնության կարգավիճակով սփռված է ամբողջ աշխարհում և շատ ավելի լավ է գիտակցում հանդուրժողականության դրսևորման առանձնահատկությունները:











































