Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ քառօրյայի ընթացքում կարևոր օրինագծեր քննարկվեցին, ՀՅԴ-ի դիրքորոշումը հայտնի է։
«Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ առաջարկին 54 կողմ արտահայտվեցին, մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորներ կողմ էին հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այնպես որ՝ կամաց-կամաց նորմալ խորհրդարանի ենք նմանվում»,- նկատեց նա:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկումները Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ իրավաբանորեն հասուն էին, հնչեցին գնահատականներ, համաձայն որոնց՝ այնուամենայնիվ խորհրդարանում շեշտվեց, որ բանակը չի կարող իշխանություն պահելու միջոց լինել:
Ինչո՞ւ է Վ. Հովհաննիսյանը ավելի դրական ու մեղմ խոսում անցած քառօրյայի և խորհրդարանի որակի մասին՝ հետաքրքրվեցին լրագրողները, արդյոք նորմա՞լ է այս ԱԺ-ն: Նա պարզաբանեց՝ ԱԺ-ն նորմալ է, երբ նորմալ է ընտրվում:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ՀՅԴ-ն բացառո՞ւմ է, որ ընտրություններից հետո նոր խորհրդարանում ՀՀԿ-ի հետ կարող է կոալիցիա կազմել, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ծայրագույն անհանավանական եմ համարում: Իհարկե, հարյուր տոկոսով ոչինչ չի կարելի բացառել,ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների արդյունքներից: Բայց ծայրաստիճան անհավանական եմ համարում»:
Անդրադառնալով ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանի տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքին՝ Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Ես այդ զենքի և Արշավիր Կարապետյանի միջև կապ չեմ տեսնում. քննությունից հետո ամեն ինչ կպարզվի: Մի բան ակնհայտ է՝ պատերազմից հետո շատ զենք է մնացել, բայց այս պահին այդ կապը չեմ տեսնում»:
ՀԱԿ առաջնորդի երեկ արված հայտարարությունը, թե՝ առաջիկա ԱԺ ընտրությունները իրականում նախագահական ընտրությունների մեկնարկ են, Վ. Հովհաննիսյանը մեկնաբանեց այսպես.
«Մայիսից մինչև ձմեռվա վերջ մեկ տարի էլ չկա, պարզ է, որ խորհրդարանական ընտրությունները լրջագույն ազդեցություն են ունենալու նախագահական ընտրությունների վրա:
Երեկվա հանրահավաքում առաջին նախագահը նշեց, որ երկրորդ նախագահի նավը խորտակվել է, երրորդինը խորտակվում է, իսկ ես կասեմ՝ առաջին նախագահը այն անտանելի բեռն է, որի պատճառով այդ երկուսը խորտակվում են»:







































