ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում գարնանային նստաշրջանում` անհանգստացնող է: Մենք մեր գործունեությամբ` հաշվելով, թե որքան պատգամավոր է քվեարկում, ձգտում ենք ունենալ արժանի խորհրդարան:
«Մենք ունեինք հստակ դիրքորոշում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ, սակայն մեզ ասացին, որ, ոչ, դա հակասահմանադրական է, ապա որ՝ ոչ, փրկություն չունենք: Այսինքն` կեղծարարների իշխանությունից փրկություն չկա՞…. Ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» միայնակ չէ իր դիրքորոշումներում»:
Երկրորդ` Արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ օրենքի նախագծին անդրադառնալով՝ նա ասաց. «Ինքը՝ օրենքը, պետք է բխի ժողովրդավարական-իրավական, համընդհանուր շահերից: Մենք ընդունում ենք օրենքներ, որոնցով ոտնահարում ենք մարդու իրավունքները: Հայաստանում օրինազանցությունների աղբյուրը իշխանությունն է: Անձամբ ես ամաչում եմ նրանից, ինչ կատարվում է այսօր ԱԺ-ում»:
Լ. Ալավերդյանը նկատեց նաև, թե ամեն անգամ ընտրություններին ակնհայտ է դառնում, որ իշխանական տեսակը ավելի քիչ վստահության է արժանանում հասարակության շրջանում, բայց` «այլ հարց է, որ ընդդիմադիր ուժերը հետագայում պաշտպանում են իշխանությանը»:







































