Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին լրագրողներին ասել է, որ Հոմսում վիրավորված լրագրողներ Էդիթ Բուվյեն և Ուիլյամ Դենիելսը դուրս են բերվել Սիրիայի տարածքից և այժմ գտնվում են հարևան Լիբանանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սարկոզին տեղեկացրել է, որ անձամբ է հեռախոսով զրուցել Բուվյեի հետ` հավելելով, որ վստահ է`երկու լրագրողներն էլ արդեն անվտանգության մեջ են: Այս գիշեր լրագրողները կտեղափոխվեն Ֆրանսիա:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն իր հերթին ասել է, որ Լիբանանում լրագրողներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողուհին փետրվարի 22-ին ծանր վիրավորվել էր և դիմել իր երկրի իշխանություններին` տարհանումն իրականացնելու խնդրանքով:











































