2011թ.-ի արդյունքներով` ԱՄՆ-ը ավելի շատ նավթամթերք է արտահանել, քան ներկրել: Այս մասին հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարությունը: Բենզինի, դիզվառելիքի և վառելիքի այլ տեսակների արտահանման ծավալները գերազանցել են ներմուծումը օրական 439 հազար բարելով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով նախարարության զեկույցին:
Համեմատության համար նշվում է, որ 2010թ.-ին ներմուծումը գերազանցել է արտահանումը օրական մոտ 269 հազար բարելով: Կանխատեսվում է, որ 2012թ.-ին ԱՄՆ-ը կշարունակի ավելի շատ նավթամթերք արտահանել` օրական մոտ 350 հազար բարելով ավելի, քան ներմուծումը:
Նշվում է նաև, որ երկրի ներսում բենզինի պահանջարկը նվազել է 2,9%-ով` մինչև օրական 8,736 միլիոն բարել, ինչը, հնարավոր է, պայմանավորված է վառելիքի բարձր գներով: Նավթի և նավթամթերքների պահանջարկը նվազել է 11%-ով. սա նվազագույն ցուցանիշն է 1995թ.-ից ի վեր:








































