Անցած տարի Արենի գյուղի մերձակա քարանձավներից մեկում հայտնաբերվել էր գինու ամենահին արտադրության վայրը: Սակայն համաշխարհային լրատվամիջոցներն այսօր են մեկը մյուսի հետևից տեղեկություններ հրապարակել այդ բացահայտման մասին այն բանից հետո, երբ աշխարհում ամենահայտնի հնագիտական հանդեսներից մեկը` Journal of Archaeological Science ամսագիրը, հոդված է տպագրել:
Հղում անելով ամսագրին՝ այս մասին գրել են Reuters, Associated Press գործակալությունները, The Wall Street Journal-ը և այլն:
Ամսագիրը գրում է, որ հայտնաբերվել է մի վայր, որտեղ մարդիկ դեռ 6000 տարի առաջ արտադրել են հյութ, որը շատ նման է եղել գինու: «Սա աշխարհի ամենահին գինեգործական արտադրությունն է»,- ասել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Գրիգոր Արեշյանը, որն օգնել է հայտնագործությունը ուսումնասիրելուն:
Գտնված նյութերի ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել, որ արտադրությունը կազմակերպվել է մ.թ. 4000 տարի առաջ: Այս հայտնագործության արդյունքում պարզվել է նաև, որ սա ամենահին արտադրությունն է և ավելի քան 1000 տարով հին է նախկինում հայտնաբերված արտադրությունից:
Արտադրության պեղումների աշխատանքներին մասնակցել են մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Իռլանդիայից:
Ամսագիրը գրում է, որ այս թիմը հայտնաբերել է նաև աշխարհի ամենահին կոշիկը, որն ունի 5500 տարվա պատմություն: