Մեծ Բրիտանիայի ամենախոշոր Unite արհմիությունը սպառնում է զանգվածային գործադուլ անցկացնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչը կարող է հանգեցնել դրանց տապալմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արհմիության գլխավոր քարտուղար Լեն Մաքքլասկիի հայտարարությունը:
Կազմակերպության ղեկավարը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել՝ ի պաշտպանություն քաղծառայողների: «Պետական սեկտորի աշխատակիցների վրա հարձակումներն այնքան խորն ու գաղափարական են, որ միայն այն գաղափարը, որ ամբողջ աշխարից մարդիկ Լոնդոն կժամանեն Օլիմպիադայի, իբր թե ամեն ինչ հիասքանչ է և գեղեցիկ, ինձ համար անիմաստ է թվում»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ արհիմությունները բողոքելու լիակատար իրավունք ունեն:
Օլիմպիադայի կազմակերպման համար պատասխանատու «ստվերային կառավարության» նախարար Թեսսա Ջոուելը հայտարարել է, որ նման բանակցությունները աշխատողի և գործատուի միջև պետք է տարվեն մասնավոր կարգով, «առանց Խաղերը խաթարելու սպառնալիքների»: Նրա խոսքերով՝ Խաղերի մասնակիցներից կամ այցելուներից ոչ ոք իրավիճակին ըմբռնումով չի մոտենա:
Այնուամենայնիվ, Մաքքլասկին նշել է, որ իրենք առայժմ որևէ կոնկրետ ծրագիր չունեն:
Հիշեցնենք, ամառային Օլիմպիադան տեղի կունենա Լոնդոնում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:









































