«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա նոյեմբերի 13-ին պատժախուց, իսկ ավելի ուշ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելուց հետո ՀՀ իշխանությունները հասել են այն բանին, որ նա արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է միայն միակողմանի նամակագրությամբ: Մեր տեղեկություններով, նա ամեն օր առնվազն մեկ հոդված է գրում, սակայն այն տեղ չի հասնում: «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ից հետո թերթի խմբագրությունը Նիկոլ Փաշինյանից որևէ նամակ չի ստացել: Փոխարենը հայտնի է դարձել, որ Նիկոլը ստացել է իրեն հասցեագրված նամակները և Ամանորի առթիվ շնորհավորական բացիկները: Ըստ երևույթին` Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ Հայկ Հարությունյանը սովորություն է դարձրել գողանալ Նիկոլ Փաշինյանի նամակներն ու հոդվածները` համարելով, որ կարողացել է նրան «վնասազերծել»: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը այդ մասին տեղեկացրել է նաև իրավապաշտպաններին ու միջազգային կառույցներին, սակայն այդ երևույթի դեմ պայքարել առայժմ չի հաջողվում: