Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համաձայնության է եկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակի ձևավորման շուրջ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել են ՀԱԿ քաղխորհուրդը, կենտրոնական գրասենյակն ու տարածքային կառույցները:
Լևոն Զուրաբյանը հնարավոր է համարել, որ վերջնական ցուցակը պատրաստ կլինի առաջիկա օրերին` ձեռնպահ մնալով անուններ հրապարակել:
Հիշեցնենք` Կոնգրեսի ներսում տարաձայնություններ կային ցուցակի շուրջ. ընդհանուր հայտարարի գալու նպատակով վերջին շրջանում ՀԱԿ անդամ կուսակցությունների միջև ամենօրյա քննարկումներ էին սկսվել:
Ինչո՞ւ առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի միջամտության անհրաժեշտությունը հարցին` ՀԱԿ համակարգողը պատասխանել է, որ այդ կոնսուլտացիաները ընթանում էին, որից հնարավոր չեղավ գալ կոնսենսուսի: Բնականաբար տրվել է այս ձևը, որ քաղխորհուրդը, կենտրոնական շտաբը և տարածքային կառույցների ղեկավարները հանդիպեն նախագահի գլխավորությամբ:
Ըստ Զուրաբյանի, որոշվել է, որ ցուցակում պետք է ընդգրկվեն ակտիվ, հասարակության կողմից ընկալելի և ընդունելի անձինք: Առավելություն պետք է տրվի քաղբանտարկյալներին և մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներին. Կոնգրեսը բոլոր 41 ընտրատարածքներում մտադիր է թեկնածուներ առաջադրել:
«Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն իր կարծիքը հայտնե՞լ է, թե ում կցանկանա տեսնել այդ ցուցակում» հարցին ՀԱԿ համակարգողը պատասխանել է. – «Լևոն Տեր-Պետրոսյանը իր կարծիքը հայտնել է, թե ինչ սկզբունքներ են կարևոր ցուցակը կազմելիս»:
«Իսկ համաձայնություն տվե՞լ է, որ կոնկրետ ինքը [Լևոն Տեր-Պետրոսյանը] գլխավորի ցուցակը» հարցին էլ Զուրաբյանն արձագանքել է. – «Ընդհանրապես ինքը իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել ցանկացած ցուցակ, որը կընդունեն 18 կուսակցությունները»:







































