Խորվաթական Դուբրովնիկ քաղաքի մի բնակիչ շահել է 2,3 միլիոն դոլարի ջեքփոթ այն բանից հետո, երբ խաղատոմսերում 30 տարի շարունակ նշել է միևնույն թվերը: Այս մասին ասվում է «Խորվաթական վիճակախաղ» ընկերության հաղորդագրության մեջ: Տղամարդը, որը չի ցանկացել նշել իր անունը, գուշակել է 2, 4, 7, 13, 17, 24, 36 թվերի համադրությունը «7-ը 39-ից» վիճակախաղի ժամանակ` գնելով 3,5 դոլարանոց տոմս:
Հաղթողը նշել է, որ շատերը տասնյակ տարիներ շարունակ իրեն համոզել են, որ անհույս է այս տարբերակի կիրառումը վիճակախաղին մասնակցելիս: Այդուհանդերձ, ջեքփոթի հաղթողը հավատացած է եղել, որ այդ թվերի համադրությունը մի օր իրեն հաջողություն է բերելու: Նշված թվերը կարևոր տարեթվեր են իր և իր ընտանիքի անդամների համար: Տղամարդն ասել է, որ այս գումարը նա կծախսի` օգնելով վատ վիճակում գտնվող իր մերձավորներին:






































