Հայաստանը ներկայացնող 8 թիմ փետրվարի 24-26-ը վրացական Բակուրիանի բնակավայրում մասնակցել է ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի-2012» միջազգային մրցույթին: Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվել են Standart, Extreme և Monster անվանակարգերում:
Մրցույթին մասնակցել է 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցել են այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ:
Standart անվանակարգում առաջին տեղը գրավել է Գարի Գասպարյանը, որը հանդես է եկել Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցել է Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավել են Վրաստանի թիմերը:
«Jeep-Trial դասի մրցույթները դժվար փորձություն են ոչ միայն մարդկանց, այլև մեքենաների համար: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ մեր ավտոսիրահարների «հավաքականը» ցուցաբերեց մեծ վարպետություն ինչպես մեքենաների վարման, այնպես էլ մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներում»,- նշել է «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«Սա մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց ևս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2012թ. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ընտրվել է «Ադրենալին» էքստրեմալ սպորտի ասոցիացիայի պատվավոր նախագահ: Jeep-Trial-ն ավտոմոբիլային մրցում է բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհի վրա: Այս մրցությունը կարող է անցկացվել Standart, Extreme և Monster անվանակարգերում:





































