Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր և ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին վրացական «Ազատ խոսք» ինտերնետային պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է դառնալ երկրի վարչապետ, եթե իր գլխավորած կոալիցիան հաղթանակ տանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Միևնույն ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ դեռ վաղ է երկրի խորհրդարանի նախագահ կամ նախագահական թեկնածու դառնալու մասին խոսելը. «Կարող եմ հայտարարել է, որ ես դառնալու եմ վարչապետ: Այդ հարցը լուծված է, և համաձայնեցված է իմ թիմի ու քաղաքական գործընկերների հետ: Ինչ վերաբերում է մյուս կադրային հարցերին, ապա դրանց մասին որոշումները կընդունվեն ավելի ուշ»:
Նշվում է, որ 2013 թվականին Վրաստանում ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով սահմանափակվում են նախագահի իրավունքները, և վարչապետը նրան գերազանցելու է իր քաղաքական ազդեցությամբ: Վրացական ընդդիմությունը կարծում է, որ այդ ամենն արվել է նրա համար, որ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո դառնա վարչապետ և դրանով իսկ իշխանությունը պահի իր ձեռքում:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս աշնանը, իսկ նախագահական ընտրությունները՝ հաջորդ տարի:











































