Դերասան Անդրանիկ Հարությունյանը ինչ-որ մի ժամանակ ունեցել է սիրված քաղաքական գործիչ, որը սակայն հիմա չի զբաղվում քաղաքականությամբ: Ունեցել է նաև սիրված քաղաքական գործիչներ, որոնք հիմա ողջ չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ Երևանի կամերային թատրոնի և «32 ատամ» ակումբի դերասան Անդրանիկ Հարությունյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք ունի՞ սիրված քաղաքական գործիչ:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շատ սիրել է քաղաքական գործիչ Անդրանիկ Մանուկյանին և մինչ օրս էլ շատ սիրում է Գագիկ Բեգլարյանին` որպես մարդ ու գործիչ:
«Ես երբեք չեմ սիրել քաղաքականությունը, չեմ հավատում ոչ ոքի: Պարզապես ապրում եմ: Միևնույն է, ոչ մի բան չի փոխվելու: Ես այդ լավը, փոփոխությունը մեր երկրում չեմ տեսնում: Փոփոխություն ընդհանրապես չեմ տեսնում»,- ասաց դերասանը:
Նրա խոսքով` բանն այն չէ, որ թատրոնում ինքը ցածր աշխատավարձ է ստանում, քանի որ Երևանի կամերային թատրոնում ինքը բավական շատ է վաստակում, եթե համեմատենք Սունդուկյան թատրոնի դերասանների հետ: Դերասանի համոզմամբ` այսօր կառավարությունը հետևում է միայն սպորտին, իսկ դերասաններին, օրինակ, ուշադրություն չի դարձնում, իսկ իր համար քաղաքականությունն այն է, երբ ուշադրություն է դարձվում բոլորին:
«Ինչո՞ւ երգիչները պետք է կառավարական միջոցառումների ժամանակ բնակարաններ նվեր ստանան, իսկ դերասանները` վարձով ապրեն: Երբ նայում եմ արվեստի վաստակավոր գործիչներին, որ վարձով են ապրում, ինձնից ցածր աշխատավարձ են ստանում, նեղվում եմ»,- ասաց դերասանը:
Ա. Հարությունյանի խոսքով` քաղաքականությունն այն ժամանակ էր, երբ ողջ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, կար «Միասնություն» դաշինքը, սակայն նրանց չթողեցին աշխատել:





































