ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստին մասնակցել են նաև Գյումրիի Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, ովքեր խորհրդարան էին այցելել «Բաց դաս» ծրագրի շրջանակներում: Աշակերտներն այնուհետև հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Անահիտ Բախշյանը:
Ողջունելով աշակերտների այցը խորհրդարան` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքը, լիազորությունները և գործառույթները, ԱԺ մեծամասնական և համամասնական ընտրակարգերը, օրենսդրական գործունեության առանձնահատկությունները:
Սամվել Բալասանյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտի բարեփոխումներին` մասնավորապես 12-ամյա կրթական համակարգին անցնելուն:
Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կոչ է արել աշակերտներին լավ սովորել և ընտրած ոլորտում դառնալ լավ մասնագետներ:
Հանդիպումն ավարտվել է խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ:









































