ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Արարատյան գինիներ» գործարանի աշխատողները շուրջ 5 ամսից ավել աշխատավարձ չեն ստացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց գործարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Նա նշեց, որ հինգշաբթի օրվանից սկսած աշխատակիցները դժգոհում և բողոքում են`պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: «Խնդիրն այն է, որ բողոքող աշխատակիցները դիմել են գործարանի սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի մորը՝ Վարսիկին, սակայն նա ասել է, որ գումար չկա աշխատավարձեր վճարելու համար: Այնուհետև առաջարկել է մի խմբաքանակ կոնյակ կամ գինի լցոնում անել և ուղարկել, որ գումար վերադառնա և կարողանա վճարել: Աշխատողները համաձայնել են առաջարկին միայն նախորդ աշխատավարձերի վերադարձման պայմանով: Վարսիկը հորդորել է գործն անել, որից հետո միայն կվճարի: Բանվորները պայման են դրել, որ այդ խոստումը նա գրավոր ներկայացնի, սակայն Վարսիկը հրաժարվել է այդ թուղթը ստորագրել: Աշխատակիցները կռահել են, որ իրենց հերթական անգամ խաբում են: Նորից շարունակել են գործադուլը»,- նշեց գործարանի աշխատակիցը`հավելելով, որ Վարսիկը ժամանակավոր բավորներ է վարձել Արտաշատից, ովքեր նոր խմբաքանակը փակել են ու մեքենաներով դուրս են հանել վաճառելու նպատակով:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ գյուղացիները դժգոհում են, որ այդ գործարանը գյուղից խաղող չի ընդունել: Ըստ նրա` կոնյակի սպիրտ է ներմուծվում և բերվում են հատուկ խտանյութեր, կոնյակի խտանյութը լցնում են սպիրտի վրա, սարքում են գինի և կոնյակ: «Ըստ կարգի` պետք է խաղողն ընդունեն, հատուկ տակառների մեջ պահեն, որ համն ու հոտը դուրս գա, իսկ նրանք գյուղացիներից խաղող չեն ընդունել ընդհանրապես»,- եզրափակեց իր խոսքը «Արարատյան գինիներ» գործարանի աշխատակիցը:
Աշխատակիցները շարունակելու են պայքարել 2011 թ. հոկտեմբեր ամսից իրենց չստացած 3000-ական դրամները ստանալու համար:
Այս մտահոգությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասներ պարզել «Արարատյան գինիներ» գործարանի տնօրինությունից, սակայն «Արարատյան գինիներ»-ի խանութ-սրահից տեղեկացրին, որ գործարանից հեռախոսահամար չունեն, իսկ բողոքների մասին խանութում ոչինչ չգիտեն, ավելին՝ այդ հարցերին պատասխանում է «Արարատյան գինիներ» գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, ով այս պահին քաղաքում չէ:











































