Կառավարության նախաձեռնությունը`մինչև 2008 թ. կուտակված հողի և գույքի հարկերը զրոյացնելու վերաբերյալ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները որակեցին որպես «նախընտրական կաշառք»: «Գույքահարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «կառավարության լուսավոր և աշխատող դեմքերից մեկն» անվանեց, բայց միաժամանակ հարցադրում արեց. «Ինչո՞ւ է հենց ընտրություններից առաջ բերվում այս օրենքը»:
Նրա բնորոշմամբ՝ ամբողջ ժողովրդից հավաքում են բյուջեն, իսկ հետո կառավարությունն օգտագործում է որոշ հատվածի համար ընտրություններից առաջ:
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը «պոպուլիզմ» անվանեց այն, որ ընդդիմադիրների առաջարկած օրինագծերը միանշանակ մերժվում են, իսկ կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում: «Պարտաճանաչ քաղաքացիների հաշվին գնվելու են ոչ պարտաճանաչ քաղաքացիների ձայները: Գործ ունենք օրինականացված ընտրակաշառքի հետ»,- հայտարարեց նա:
«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նույնպես նշեց, որ թեև այս հարցը բարձրացվել էր դեռ 2009-ից, սակայն օրինագիծը ներկայացվում է հենց ընտրություններից առաջ, որպեսզի բնակչության հիշողության մեջ թարմ լինի: Պատգամավորն առաջարկեց տարբերակված մոտեցում ցուցաբերել և արտոնություն տալ միայն չունևոր խավին:
«Չի կարելի կարևորագույն խնդիրների մասին մուննաթով խոսել: Կարդալ իմանալը պարտադիր է, բայց անհրաժեշտ է նաև կարդալ: Բաներ է խոսվում, որ օրենքի հետ կապ չունեցող խնդիր է»,- հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, սա բավականին լուրջ գաղափարախոսություն է, և առաջին տարբերակն այն էր, որ տույժ տուգանքները վերացվեցին: «Կարելի է այս օրենքը չանել, տալ դատարան և գույքային փոխհատուցմամբ պարտքերը վերցնել: Այս օրինագծի տակ դուք ստորագրեք, ընտրողները ձերը լինեն»,- ասաց Գ. Սահակյանը:









































