«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը խստորեն դատապարտել է կիրակի օրը Թուրքիայում անցկացված` կառավարության կողմից արտոնված հակահայկական ցույցերը։
Հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ նաև կոչ է արել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին` «խստիվ դատապարտել հայերի դեմ ատելություն և բռնություն բորբոքելու` Անկարայի այս վերջին փորձը»։
«Այսօրվա հակահայկական ցույցերը Ստամբուլի փողոցներում` ներքին գործերի նախարարի և ազդեցիկ քաղաքական կուսակցությունների գլխավորությամբ, ակնհայտորեն ուղղված էին Թուրքիայի հայ քաղաքացիների և հարևան Հայաստանի դեմ ահագնացող ռասիզմ և նոր բռնություն բորբոքելուն», – համոզմունք է հայտնել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով, որ «դրանք ոչ միայն սոսկ հետցեղասպանային պետության բռնի արձագանքներն են, այլև` նախացեղասպանային թուրքական հասարակության վճռական գործողությունները»։
Լրատվական գործակալությունների վկայությամբ` Թուրքիայում հակահայկական ցույցերին մասնակցել է 20 հազարից մինչև 50 հազար մարդ, իսկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված ակցիայի բանախոսների թվում էր երկրի ներքին գործերի նախարար, վարչապետ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարներից Իդրիս Նաիմ Սահինը։
Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ցույցերը նվիրված էին Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին։












































