Սիրիայի ընդդիմության ավելի քան 20 ականավոր գործիչներ հայտարարել են, որ դուրս են գալիս Սիրիայի ազգային խորհրդից (ՍԱԽ) և ստեղծում են նոր ընդդիմադիր կառույց՝ Սիրիացի հայրենասերների խումբ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նոր խմբի ղեկավար է դարձել Հեյսամ Ալ-Մալեհը՝ փաստաբան և նախկին դատավոր, որը 70-ական թվականներից զբաղվում է ընդդիմադիր գործունեությամբ: Նրան են միացել մի շարք աշխարհիկ և իսլամիստական կազմակերպությունների առաջնորդներ:
«Սիրիան երկար և ծանր ամիսներ է ապրում ՍԱԽ-ի ձևավորումից հետո, որը ոչ մի գոհացուցիչ արդյունքների չի հասել և չի կարողացել կյանքի կոչել Սիրիայի ընդդիմության պահանջները»,- ասվում է նոր շարժման կոմյունիկեում:
Երեկ Սիրիայում տեղի է ունեցել նոր սահմանադրության հանրաքվե: Նոր սահմանադրության գլխավոր փոփոխությունը 8-րդ հոդվածի պաշտոնական հանումն է, որը սահմանում էր «Բաաս» կուսակցության ղեկավար դերը: Այդ հոդվածի փոխարեն մտցվել է բոլոր կուսակցությունների իրավահավասարությունը սահմանող հոդված:












































