Եվրամիությունը կընդլայնի Բելառուսի քաղաքացիների «սև ցուցակը», որոնց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք և որոնց հաշիվները և ունեցվածքը ԵՄ անդամ-երկրներում կսառեցվեն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներից մեկին, որի անունը չի հրապարակվում:
Ըստ գործակալության աղբյուրի՝ ցուցակում կհայտնվի հանրապետության ևս 20 քաղաքացի: Նրանք բոլորն էլ գերատեսչությունների և դատական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Պատժամիջոցների մասին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որն այս պահին ընթանում է Բրյուսելում:
Արտաքին գործերի հարցերով Եվրամիության խորհուրդը 2011 թ. դեկտեմբերին ընդլայնեց Բելառուսի դեմ պատժամիջոցները: Այս պահին «սև ցուցակում» նշված է Բելառուսի 210 քաղաքացիների անուն:






































