ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը համարել է անհետացող լեզու, սակայն շուտով մենք կկորցնենք նաև արևելահայերենը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սփյուռքահայ գրող Գևորգ Եղինյանը:
Նրա խոսքերով՝ Լիբանանում հայը հայի հետ շփվում է անգլերենով: Լիբանանում ՀՀ դեսպանը բանակի 20-ամյակին նվիրված միջոցառման հրավիրատոմսերը տպել են անգլերեն լեզվով: «Բայց ինչո՞ւ անգլերեն, եթե մենք ունենք մեր լեզուն՝ հայերենը: Մենք այսպես ոտնահարում ենք ՀՀ Սահմանադրությունը»:
Գևորգ Եղինյանը անդրադարձավ նաև ԳԱԱ-ին՝ ասելով, որ նրանց կողմից հրատարակվող պարբերականների մեծ մասը ռուսաց լեզվով է: Նրա հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը վաղը պատրաստվում է ԳԱԱ պատմության ինստիտուտում կայանալիք մասնագիտական խորհրդի նիստում դոկտորական ատենախոսությունը պաշտպանել ռուսաց լեզվով:
«Ես չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, թե ես դեմ եմ ռուսաց լեզվին: ՀՀ պետական լեզուն հայերենն է: Ես իրավունք ունեմ պահանջելու պետությունից խոսել և լսել հայերեն, իսկ ո՞ւր է այդ հայերենը: Դա արդեն դավաճանություն է Մեսրոպ Մաշտոցի հանդեպ»:
Սփյուռքահայ գրողը ցավով նշեց, որ Կիլիկիայում հայերեն խոսելու համար թուրքը կտրում էր հայի լեզուն, իսկ մեր դոկտոր պրոֆեսորները հայի լեզուն կտրում են հենց Հայաստանի Հանրապետությունում: Հայոց լեզուն դուրս է գալիս գործածությունից հենց հայոց լեզվի հայրենիքում:












































