Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրախորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ:
Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից:
Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը:









































