Գիտության կամ արվեստի մեջ շատ լուրջ մարդիկ ընդդիմադիր են, խոսքը ոչ թե քաղաքական ընդդիմադիր լինելու մասին է, այլ նրա, որ վերջիններս չեն ցանկանում բացահայտված լինել, նրանք պրետենզիաներ ունեն, չեն սիրում, որ իրենց նկատում են: Գուցե որոշ մարդիկ նեղվեն, որ իրենց պետական պարգևներ չեն տալիս, բայց ամեն դեպքում, բոլոր դարերում հանճարեղ մարդիկ պետության հետ խնդիրներ են ունենում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Բարսեղ Թումանյանը` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են կարևոր արվեստագետների համար կոչումներն ու պետական մրցանակները, արդյոք պետությունն այդ քայլով ցույց չի տալիս իր բարեհաճությունը նրանց հանդեպ:
«Ես մի անգամ էլ եմ ասել, որ Սերժ Սարգսյանն այս անգամ բավական շռայլ գտնվեց իր գնահատականներում, և հնչում են տեսակետներ, որ դրանք կարող են լինել կամ օբյեկտիվ, կամ սուբյեկտիվ, սակայն ճանապարհը կարող է բերել նրան, որ շատ ուրիշ մարդկանց հնարավոր կլինի բացահայտել, քանի որ նրանք շատ խորն են թաքնված, բայց նրանք էլի կան»,- ասաց նա` նշելով, որ ճանապարհը շատ ճիշտ է ընտրված:
Այն դիտարկմանը, թե արևմտյան երկրներում այդքան էլ շռայլ չեն կոչումներ ու մրցանակներ շնորհելու հարցում, Բարսեղ Թումանյանը նկատեց, որ ինչ վերաբերում է ժողովրդական արտիստ կոչումներին, պետական մրցանակներին, ապա դրանք ամեն տեղ էլ կան, պարզապես այնտեղ գործում է արևմտյան մոդելը` արվեստագետները թքած ունեն կոչումների վրա: Նա նշեց, որ այնտեղ տվյալ գիտնականի շուրջ ստեղծում են մի ամբողջ ինստիտուտ, ոչ թե տալիս են մի միլիոն դրամ, այլ 200 մլն ինչ-որ նախագիծ իրականացնելու համար, ինչը տվյալ գիտնականի կամ արտիստի համար ամենամեծ պարգևն է:
Ըստ Բարսեղ Թումանյանի` ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես տվյալ արվեստագետի համար ստեղծվի պարարտ հող, որ նա կարողանա ստեղծագործել, քանի որ գիտության մարդուն պետք է լաբորատորիա, ինստիտուտ, արվեստի մարդուն` բեմ, որ նա կարողանա ստեղծագործել:
Խնդիրը, ըստ նրա, ոչ թե այդ կոչումներն են ու պարգևները, այլ ընդհանուր սոցիալական վիճակը, սակայն արվեստագետին տված «գնահատականը կարևոր է համարում ու պետքական»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































