Պետական չինովնիկների ագահությունը, որոնք տարիներով թույլատրել են հատել ծառերը Թաիլանդի հյուսիսային լեռներում ու երկրի կենտրոնական հովիտներում, դարձել է այն հիմնական պատճառը, որ երկրում տեղի ունենան աղետալի ջրհեղեղներ, որոնք ուղեկցվել են սողանքներով ու ավերածություններով: Այս մասին, ըստ Bangkok Post թերթի, երեկ հայտարարել է Թաիլանդի թագավոր Պխումիպխոն Ադուլյադետը:
«Խնդիրը ծագել է որոշ մարդկանց ընչաքաղցության հետևանքով: Անտառները, որոնք ոչնչացվում են, շատ դժվար է վերականգնել: Դրանց վերացման մեղքն ընկած է որոշ ագահ պետական ծառայողների վրա»,- հայտարարել է 83-ամյա միապետը Ջրային պաշարների ռազմավարության կոմիտեի հանձնաժողովի ու կառավարության անդամների հետ Բանգկոկի Սիրիրատ հիվանդանոցում (որտեղ բուժման նպատակով գտնվում է 2009-ից) կայացած հանդիպմանը:
«Ծառերը խոր արմատներ են գցում` ստեղծելով բնական պաշտպանություն»,- ասել է նա` ընդգծելով շտապ միջոցառումների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ջրհեղեղներն անցած տարվա օգոստոս-նոյեմբեր ամիսներին խլեցին 600 մարդու կյանք ու հսկայական վնաս հասցրին երկրի տնտեսությանը:











































