«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց, որ կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների փաթեթում նախատեսված է մինչև 2008թ. հունվարի 1-ը կուտակված հողահարկի ու գույքահարկի պարտքերը զիջել:
«Եվ մինչ ՀՀԿ-ն կփորձի այս նախաձեռնությունը մատուցել իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ քաղաքական շրջանակները` կառավարական ընտրակաշառք, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս օրինագիծը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է:
Բանն այն է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն` 3 տարվա վաղեմության հարկային պարտավորությունները կարող են պարզապես չկատարվել: Այսինքն այն, ինչ ՀՀԿ-ն փորձում է մատուցել իբրև «լավություն», իրականում օրենքի պահանջ է: Բայց միայն դա չէ զավեշտը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում, խոսելով այդ նախագծի մասին, ասաց. «Այդ օրենքը նպատակ ունի չեղյալ հայտարարելու պարտքերը, մանավանդ որ այդ գումարները դժվար թե երբևէ մարվեն»:
Ինչպես նկատել է մեկ այլ` Լոռու մարզպետը` «դրանք անհուսալի պարտքեր են»:








































