Իջևանի քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը և բռնություն կիրառել նրա հանդեպ:
«Իջևան» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ փետրվարի 21-ին, ժամը 17:00-ին ավագանու հերթական նիստը լուսաբանելու համար քաղաքապետարան այցելած լրագրողի հետ է եղել նաև օպերատորը: Քաղաքապետարանի ընդունարանից դուրս է եկել ավագանու անդամներից մեկը` Արտակ Խաչատրյանը, նշելով, որ չեն թողնելու ներս մտնել` մինչև նախորդ նյութի համար հերքում չտան:
Ն. Խաչիկյանի խոսքով՝ նյութը ձյան հետ էր կապված, որ կենտրոնական փողոցներում է միայն ձնամաքրման աշխատանքներ իրականացվել: «Սա առաջացրել էր քաղաքապետի և նրա համախոհների վրդովմունքը»,- ասաց Ն. Խաչիկյանը:
Երբ լրագրողը փորձել է ներս մտնել, Արտակ Խաչատրյանն ասել է, որ ինքն է որոշում՝ մտնի, թե ոչ. «Ասողը ես եմ»: Սա հաշվի չառնելով՝ լրագրողը փորձել է մտնել, սակայն ավագանու մեկ այլ անդամ՝ Վարդան Օտինյանը, դիմել է լրագրողին. «Դո՞ւ ես նյութը տվել, հըլը գնացեք ստեղից» և բռունցք անելով՝ սկսել է հայհոյել, ապա դիմելով օպերատորին, թե՝ դու իջևանցի ես ու էս տեսակ նյութե՞ր ես տալիս՝ մոտեցել է նրան և աստիճանից հրել: Նշենք, որ Օտինյանը խնամիական կապ ունեն մարզպետի հետ:







































