Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանը ձգտում է հասնել այնպիսի հնարավորությունների, որ յուրաքանչյուր պահին կարողանա իր մոտ կազմակերպել այդ զենքի արտադրություն:
Ամերիկյան 16 հետախուզական կառույցների կողմից պատրաստված այդ զեկույցում նշված է, որ Իրանը 2003 թվականից սկսած՝ չի իրականացնում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներ, սակայն հետազոտություններ է անցկացնում տվյալ ոլորտում:
Փաստորեն, Իրանի հարցում համընկնում են ամերիկյան հետախուզության այս զեկույցի և 2011 թվականի նոյեմբերին ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցի արդյունքները:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի զեկույցում նույնպես նշված էր, որ Իրանը մինչև 2003 թվականը զբաղվել է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներով, և նրա այդ գործունեությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի:
Փաստորեն, ամերիկյան զեկույցը վկայում է այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն հավատում իրենց իսրայելցի գործընկերներին, որոնք շարունակ հայտարարում են, թե Թեհրանը պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսներին ստեղծել ատոմային զենք:









































