Սիրիայում իրականացվում են մարդու իրավունքների լայնածավալ, պարբերական բնույթի և կոպիտ խախտումներ, որոնք կարող են որակվել որպես մարդկութան դեմ հանցագործություն: Այսպիսի եզրակացության է հանգել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների մասին հայտարարություններն ուսումնասիրող հանձնաժողովը, որը կազմվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից:
Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, երեկ Ժնևում հրապարակվել է հանձնաժողվի ամփոփիչ զեկույցը, որում մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը, վկայակոչելով անկախ փորձագետների տվյալները, նշում է, որ Սիրիայում ճգնաժամի ընթացքում զոհվել է ավելի քան 8000 մարդ», ընդ որում, կառավարության տվյալներով՝ զոհերի թիվը 4000 է: Զեկույցում նշվում է, որ ավելի քան 18 հազար մարդ ձերբակալվել ու կալանավորվել է: Բացի այդ, զեկույցի հեղինակներն այն կարծիքին են, որ Սիրիայի կառավարությունը զգալի ջանքեր չի գործադրում երեխաների պաշտպանության համար. ցույցերի ընթացքում դիպուկահարների և այլ սիրիական կառույցների կողմից սպանվել է առնվազն 500 երեխա:
Հիշեցնենք, Սիրիայում արդեն մոտ մեկ տարի շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և ընդդիմության միջև:










































