Բրազիլիայի Մարանյան նահանգում երկնքից 30 կգ քաշով մետաղական գունդ է ընկել: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նահանգի մայրաքաղաք Սան Լուիսից 280 կմ հեռավորության վրա գտնվող Անապուրուս քաղաքի բնակիչները փետրվարի 22-ի վաղ առավոտյան նախ ուժեղ ճայթյուն են լսել, որին հաջորդել է երկրաշարժի նմանվող հարվածը:
Այնուհետև տներից մեկի բակում նրանք հայտնաբերել են մոտ մեկ մետրանոց ձագար, որի մեջ գտել են մետաղական գունդ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները և փրկարարները չեն կարողացել որոշել ընկած օբյեկտի ծագումը: Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի մասնագետնետը առաջ են քաշել այն տարբերակ, որ մետաղական գունդը կարող է լինել արբանյակի մի մաս:
Երջանիկ պատահականությամբ՝ գնդի ընկնելուց ոչ ոք չի տուժել:
















































