Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության՝ Եվրամիության և Հայաստանի միջև կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև անօրինական միգրանտների ռեադմիսիայի (վերադարձի ապահովման) վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցությունները կմեկնարկեն Երևանում փետրվարի 27-ին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` վիզային ռեժիմի դյուրացումը ներառում է վիզա ստանալու համար պահանջվող փաստաթղթային հիմնավորման պարզեցում, վավերականության երկար ժամկետով բազմակի վիզաների տրամադրման հնարավորություն, այցելուների որոշակի կատեգորիաների համար վիզաների տրամադրման վարձավճարների նվազեցում և այլ մեխանիզմներ:
Մինչև այժմ նման համաձայնագրեր կնքվել են Եվրամիությանը չանդամակցող 9 երկրների հետ, որոնցից երեքը` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ընդգրկված են «Արևելյան գործընկերության» ծրագրում:










































