iPhone և iPad գաջեթների չինացի հավաքողները վերջին տարիներին սկսել են իրենց կյանքն ավարտել ինքնասպանությամբ:
Վերջին անգամ Apple-ի աշխատակիցների շրջանում ինքնասպանությունների ալիք էր նկատվել երկու տարի առաջ:
Ինչպես գրում է The Guardian պարբերականը, ընկերության ղեկավարությունն այդ կապակցությամբ որոշել է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը:
Տարեսկզբին Foxconn Technology-ի` աշխարհում էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողի 32 հազար աշխատակցից շուրջ 150-ը Ուխան քաղաքում բարձրացել էին եռահարկ շինության տանիքը` սպառնալով ցած նետվել: Այս մասին հայտնում է sotovik.ru-ն: 8 ժամ շարունակ մարդիկ սպառնում էին իրենց նետել տանիքից, եթե չբարձրացվեն աշխատավարձերը: Կոնֆլիկտը հաջողվել է կարգավորել առանց զոհերի, սակայն դրանից հետո 45 մարդ հեռացվել է աշխատանքից:
Չինական Foxconn-ը, որը Apple-ի գլխավոր կապալառուներից է, հիմա գտնվում է իր «Nike-վիճակի» մեջ: Վերջին 20 տարում արևմտյան տնտեսագետներն այսպես են անվանում այն իրավիճակը, երբ այս կամ այն ընկերությունն իր աշխատակիցների համար սստեղծում է չարդարացված աշխատանքային ծանր պայմաններ: Աշխատակիցներին, որոնք պատրաստ են էժան աշխատել, բազմազգ ընկերությունները, որպես օրենք, գտնում են Հեռավոր Արևելքի երկրներում:
Nike սպորտային կոշիկի արտադրողը նման վիճակում էր 1990-ականների կեսերին: Այն ժամանակ մամուլում հաճախ հոդվածներ էին տպագրվում` ընկերության տնօրինությանը անվանելով անսկզբունքային շահագործողներ:
Ինչպես հաղորդում է Вести.ru-ն, Foxconn-ը ստեղծված վիճակից դուրս գալու համար 20 տոկոսով կբարձրացնի աշխատավարձերը:
Միջազգային դիտորդների կարծիքով` Թայվանի և Չինաստանի էլեկտրոնիկայի գործարաններում միլիոնից ավելի աշխատակիցներն աշխատում են` ստանալով ամսական 285-397 դոլար, աշխատելով 7 օր շարունակ օրական մինչև 14 ժամ:
Հիշեցնենք, որ 2010 թ. հաղորդվել էր Foxconn ընկերության 11 աշխատակցի մահվան մասին, որոնցից 10-ը ցած էին նետվել բարձրահարկ շինությունից, 1-ը` կտրել երակները:
Անցած տարի ընկերության գործարաններում գրանցվել է ինքնասպանության 18 փորձ, որոնցից 14-ը ավարտվել են մահվամբ:







































