Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ու Վրաստանը ոչ թե թշնամիներ են, այլ՝ բարեկամներ՝ այն որակելով որպես անընդունելի:
Այս կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է. «Վրաստանում ապրում են հարյուրավոր ընտանիքներ, որոնք Վրաստանի դեմ կատարված ագրեսիայի ժամանակ կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին: Բացի այդ, կան ևս հարյուր հազարներ, որոնք Պուտինի վարած քաղաքականության արդյունքում զրկվել են ներկայումս օկուպացված տարածքներում գտնվող իրենց տներից և սեփական երկրում համարվում են փախստականներ: Օկուպացված տարածքներում ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, որն առնչվում է վրացականի հետ»:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը ռուս զորահրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ վրաց ազգն իսկապես եղբայրական ազգ է ռուսների համար, և որ Ռուսաստանը ոչ թե Վրաստանի թշնամին է, այլ՝ բարեկամը:
Պուտինը նաև զգուշացրել էր ԱՄՆ-ին՝ Վրաստանին սպառազինելու հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է նրան դրդել նոր ագրեսիվ գործողությունների:











































