Bild-ին տված հարցազրույցում Մյունխենի «Բավարիա»-ի տնօրեն Ուլի Հյոնեսը հայտարարեց, որ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած «Բազել»-ի հետ խաղում (1:0) անհաջողության պատճառը շվեյցարական թիմի մարզադաշտի վատ խոտածածկն էր.
«Մեր թիմը վատ խաղաց, որի պատճառը խաղադաշտի վատ խոտածածկն էր: Իսկ հակառակորդը խաղում էր երկար փոխանցումներով: Երկու թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն»,- հայտարարեց Հյոնեսը:
«Բազել»-ից կրած պարտության մասին խոսել է նաև «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը.
«Մենք չէինք գրոհում ինչպես հարկն է: «Բազել»-ն արժանի չէր այդ հաղթանակին: Առաջին խաղակեսում բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Այժմ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել: Մեր թիմում բարձրակարգ խաղացողներ են հանդես գալիս, բայց չենք կարողանում արդյունավետ խաղ ցուցադրել»,- հայտարարել է Նոյերը:








































