Առնվազն 40 մարդ է զոհվել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Once կայարանի միջադեպի արդյունքում, որտեղ 26 կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը բախվել է փակուղուն: Դեռ մի քանի տասնյակ մարդիկ ջախջախված վագոններում են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Մոտակա հիվանդանոցներ են հոսպիտալացվել 550 ուղևորներ: Նրանցից շատերը վնասվածքներ են ստացել վագոններում կոտրված ապակիների պատճառով: Մոտ 40 մարդ դեռ գտնվում է գնացքի մեջ»,- Բուենոս Այրեսի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավար Ալբերտո Կրեշենտիի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Արգենտինական ԶԼՄ-ների տվյալներով՝ բախման պահին գնացքի մեջ եղել է մոտ 1000 ուղևոր: Փակուղուն հարվածելու արդյունքում լոկոմոտիվը և առաջին երեք վագոններն իրար վրա են հայտնվել:
Այսօր՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Once երկաթուղային կայարանում ուղևորատար գնացքը բախվել էր կառամատույցին: Նախնական տվյալներով՝ հաղորդվում էր 340 վիրավորների մասին:









































