WikiLeaks կայքի ղեկավարությունը խոստացել է հրապարակել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Շվեդիայի նախկին վարչապետ և ներկա արտգործնախարար Կարլ Բիլդտը համագործակցել է ամերիկյան հետախուզության հետ: Այս մասին հաղորդում է Expressen տապլոիդը:
Պարբերականի՝ WikiLeaks-ին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ գաղտնի փաստաթղթերը փաստում են, որ Բիլդտը 1973-ից տեղեկություններ է փոխանցում ԱՄՆ-ին: Նա համագործակցել է ամերիկյան կառավարության հետ այնպիսի ձևերով, որոնք հակասում են շվեդական օրենսդրությանը: Բիլդտին հավաքագրողն ամենայն հավանականությամբ եղել է ամերիկյան քաղաքական խորհրդական Կարլ Ռոուվը, որին շվեդ նախարարը հրապարակավ անվանում է «հին ընկեր»:
Թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվում Բիլդտին, առայժմ հայտնի չէ: Սակայն հրապարակվելիք փաստաթղթերում նշվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են նրա լրտեսության մասին: Թերթի զրուցակիցը պնդում է, որ հրապարակումից հետո Բիլդտը ստիպված կլինի հրաժարական տալ և խաչ քաշել քաղաքական կարիերայի վրա:
Շվեդ նախարարի հասցեին կայքի սպառնալիքները պայմանավորված են նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժի դատական հետապնդումներով: Շվեդիայում Ասանժը մեղադրվում է երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Շվեդիայի ԱԳՆ-ն առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը. գերատեսչությունը ցանկանում է նախ ծանոթանալ փաստաթղթին: Ինքը նախարարը հայտարարել է, որ շատ է ցանկանում ծանոթանալ այդ «մահացու ապացույցներին»:
Կարլ Բիլդտը Շվեդիայի կառավարությունը գլխավորել է 1991-1994 թթ., արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2006 թ. աշնանից:







































