Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը տորոնտոյաբնակ անանուն բարերարից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից:
«Դժվար է պատկերացնել, թե հարևան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5 կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլևս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել ևի րենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն»,- ասել է հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
Գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաև ինտերնետ կապ:
Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ և Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:
«Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարևորում են ցանկացած օգնությունը հայրենիքին, և մասնավորապես, մեր հայ մանուկներին»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին և հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ»,- գոհունակությամբ նշել է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:








































