News Georgia-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում զոհվել է 3 վրացի զինծառայող: Խոսքը կապրալներ Վալիկո Բերայայի, Ռուսլան Մելաձեի և Պաատա Կաչարավայի մասին է: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակական կապերի ծառայությունը:
Նրանք ծառայում են Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում ներառված վրացական 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակում:
Նշվում է, որ վրացի զինծառայողները զոհվել են թալիբների իրականացրած հարձակման ժամանակ, երբ պայթել է նրանց մարտական մեքենան: Միևնույն ժամանակ չի նշվում, թե կոնկրետ երբ են զոհվել նրանք:
Հիշեցնենք, որ վրացի զինծառայողները ISAF-ի կազմում խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում հանդես են գալիս 2009 թվականի օգոստոսի 6-ից: Այժմ Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների քանակը հասավ 15-ի:












































