Բուլղարացի երգահաններ Ալեքսանդր Սավելևը, Դիմտար Պենևը, Իվան Պեևը և Նայդեն Անդրեևը դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին գրագողության համար: Նրանց կարծիքով` ռուսաստանցի երգիչը խախտել է հեղինակային իրավունքները, չի համաձայնեցրել նրանց հետ իրենց ստեղծագործությունների օգտագործումը և չի վճարել անհրաժեշտ գումարները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Խոսքը Կիրկորովի մի շարք հայտնի երգերի մասին է. «Այդ երգերը տարիներ շարունակ օգտագործվում են երգչի կողմից առանց դրանց հեղինակների թույլտվության` ինչպես համերգների ժամանակ, այնպես էլ բազմացվում են ձայնասկավառակներով»,- ասել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կազմակերպության» ներկայացուցիչ Չավդար Գագովը:
Բուլղարիայի օրենքների համաձայն` եթե Կիրկորովի մեղքը հաստատվի, նրան սպասվում է 3-8 տարվա ազատազրկում: Գագովն ասել է, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի Կիրկորովը հայտնվի բանտում, այլ ուզում են հասնել փոխշահավետ համաձայնության:








































